Արայիկ Հարությունյանի հանրային հաշվետվությունը

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Հարությունյանի հանրային հաշվետվությունը

Այսօր Հանրային խորհուրդը ծանոթության հանդիպում ուներ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ժամանակը նույնիսկ չբավականացրեց միայն կրթության հարցերը քննարկելու համար, ավելին՝ Հանրային խորհրդի ոչ բոլոր անդամները հասցրեցին հարցեր տալ նրան: Պետք է խոստովանեմ, որ ինձ համար տակավին խնդիր է մնում նման հանդիպումներում կանոնակարգի պահպանումը, քանզի վարչապետի հետ հանդիպմանը ինձ հերթ չհասավ, իսկ այս երկրորդ հանդիպմանը, կարելի է ասել, ինքս ինձ ձայն տվեցի ամենավերջում:

Որքան էլ 3 խումբ հարցեր ունեի ու նաև դիրքորոշում և առաջարկ, հասցրեցի շատ կարճ ամենավերջում հարցնել, թե ե՞րբ է Կրթության նախարարությունը արմատապես վերանայելու հանրակարթական դպրոցներում դասագրքերի բովանդակությունը՝ անհեթեթ, ծանրաբեռնված, անգամ կեղծիքներով ու անիմաստություններով լեցուն: Որպես ծնող իմ օրինակներն ունեի 6-րդ դասարանում սովորող իմ աղջկա դասագրքերից, որոնց առիթ էի ունեցել ծանոթանալ նրան դաս սովորեցնելիս: Ու այդ դասապրոցեսում հասցրել էի զարմանալ Հայոց եկեղեցու պատմության խունջիկլամիշներից, թե դրախտը Հայաստանում է եղել, Անգլերենի դասագրքից, որտեղ Լոնդոնի մասին դասը ուղղակի Լոնդոնի հակաքարոզ է, թե որքան վատ եղանակ, ծուխ ու մառախուղ կա այնտեղ, որ փողոցում քայլողերը պատերից են բռնվում, Հայոց պատմությունից, որի դասերը կարդալն ու վերաշարադրելը պրոբլեմ է անգամ ինձ համար՝ այնքան տեքստը կառուցվածք չունի, կեղծիքներն էլ մի կողմ, Շրջակա միջավայրից, որտեղ կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության այդ խառնուրդում ամեն ոլորտից այնքան անիմաստ մանրամասներ կան, որ չես հասկանում դրանք 6-րդ դասարանում ընդհանուր անցնելը, այն դեպքում, երբ բարձր դասարաններում դրանք ավելի կոնկրետ են անցնելու, Մայրենի լեզվից, երբ աղջկաս հետ անգիր էինք անում մահացած հայրիկի՝ պատից կախված ու նայող լուսանկարի մասին անհեթեթ բանաստեղծությունը, ու այսպես շարունակ: Չհասցրեցի իմ իմացած այս օրինակները բերել, բայց ակնարկս նախարարի համար շատ հստակ էր:

Ու պարոն Հարությունյանը հայտարարեց, որ ցավոք դա 1 տարում լուծվող խնդիր չէ. եթե անգամ հաջողվի կազմել նոր դասագրքերը, դրանք նախ պետք է փորձարկվեն, ապա նոր ներդրվեն, ու դա 2023թ.-ից շուտ չի լինի: Նախարարը նաև հայտարարեց, որ մասնագիտական հանձնաժողով է կազմավորել, որտեղ շատ թեժ ու բուռն բանավեճեր են ընթանում նույ պատմության դասագրքերում ՀՀ անկախության շրջանի պատմության կեղծման ու ճիշտ վերաշարադրման շուրջ: Առայժմ այդ հանձնաժողովը դեռևս չի որդեգրել վերջնական մոտեցում՝ եթե շարադրել 1999, 2008թ., 2016թ. ապրիլյան պատերազմի ու այլ հայտնի շրջանների պատմություն, ապա դա ինչպես անել, կամ էլ միգուցե ընդանրապես դա դուրս թողնել դասագրքերից, ինչպես որոշ եվրոպական երկրներ են անում վերջին 20 տարիների համար: Մի խոսքով, նախարար Հարությունյանը հայտարարեց, որ խնդրը իսկապես կարևորվում է, այդ ուղղությամբ աշխատում են, և ընթացքի մասին հանրությանը կտեղեկացնեն:

Ցավոք, վերը նշված պատճառներով այլ հարցեր բարձրացնելու հնարավորություն չկար, բայց ինչպես պայմանավորվել ենք պարոն նախարարի հետ՝ այդ և այլ կարևոր հարցեր մենք կքննարկենք ՄԱՀՀԻ-ում, երբ պարոն նախարարը Հյուրընկալվի մեզ մոտ:

Ի դեպ, կայինք նախարին ուղղված հետաքրքիր այլ հարցեր նույնպես՝ նախկին նախարար Է.Ղազարյանի, իմ գործընկեր Անահիտ Բախշյանի ու այլ գործընկերների կողմից:

Понравилась статья? Поделиться с друзьями: