Այսօր Ավագ չորեքշաբթի է. Օծում և մատնություն. Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը

Այսօր Ավագ չորեքշաբթի է. Օծում և մատնություն. Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:

Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են չորս Ավետարանները. «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն բարձունքներում» (Մատթ. ԻԱ 8-9):

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնությո՛ւն Դավթի որդուն» (Մատթ. ԻԱ 15):

Ավագ չորեքշաբթի — Օծում և մատնություն:

Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը:

Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. ԻԶ 6-13, Մարկ. 3-9, Հովհ. ԺԲ 1-11):

Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ Տասներկուսից մէկը` Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. ԻԶ 14-15):

Աղբյուր՝ ter-hambardzum.net

 

Понравилась статья? Поделиться с друзьями: