Մեր երկիրը աշխարհի մի գողտրիկ անկյուն է, որն ի վերուստ ընտրված էր Աստծո կողմից։
Բացի բիբլիական պատմություններից ու նշանակությունից, մեր գեղատեսիլ բնության տարբեր անկյուններում առկա են սրբավայրեր, որոնք հայտնի են իրենց հրաշագործ զորությամբ ու յուրահատուկ ավանդազրույցներով։
Մենք պարբերաբար Ձեզ ենք ներկայացնում նման ուխտատեղիները, որոնք բժշկել են բազմաթիվ մարդկանց։
Այս անգամ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բժշկող Ծաղկեվանքը կամ նույն ինքը Սուրբ կույս Վարվառայի հրաշագործ արցունքները սրբավայր- ուխտատեղին։
Այն գտնվում է Արագածոտնի մարզում, Աշտարակից Ապարան տանող ճանապարհին,Արայի լեռան լանջերում։ Ոչնչով աչքի չընկնող, քարքարոտ ու տեղ-տեղ քարուքանդ ճանապարհը, առանց ցուցանակների ու ուղենիշները տարիներ շարունակ դարձել է տևական ժամանակ երեխա չունեցող ու հիվանդություններ ունեցող մարդկանց սիրելի ուղին։
Այդ ուղին մարդկանց տանում է դեպի լեռներ, որտեղ ժայռափոր մատուռի գոյության մասին հուշում է միայն հեռվից երևացող ուխտատեղիի սպիտակ դուռը։
Լեռան փեշերին գտնվող բնական քարանձավի առաստաղից հոսող ջուրը մարդիկ սուրբ կույսի արցունքներ են կոչում ու հավատում դրա բուժիչ հատկությանը։ Հավատացյալներն այստեղ են գալիս հենց այդ ջրի զորությանը հավատալով ու դրանից իրենց հետ տանում են՝ հիվանդներին բուժելու հույսով։
Մամռոտ մատուռի ներսում ինքնաբուխ մի աղբյուր կա, որտեղ ջուրը լցվում է քարանձավի վերին մասից, ավանդազրույցի համաձայն աղբյուրը սուրբ կույսի արցունքներից է գոյանում:
Այս սրբավայրի վերաբերյալ կա երկու ավանդազրույց։ Ըստ եկեղեցական ավանդության Քրիստոնյա Վառվառա կույսը, փախչելով կռապաշտ հորից, թաքնվել է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդել է աղջկան, գտել և սպանել նրան:
Նահատակվելուց առաջ Վառվառեն Աստծուց խնդրել է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով:
Ըստ հավատալիքի՝ Աստված կատարել է նրա խնդրանքը, և Վառվառայի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից:
Հայ առաքելական եկեղեցին այս ավանդությամբ է մեկնաբանում Արայի լեռան վրա գտնվող ուխտատեղիի անվանումը:
Երկրորդ ավանդազրուցը պատմում է, որ բռնակալ իշխանը փորձել է ուժով տիրանալ գեղեցկուհի Ծաղիկին։ Ծաղիկն էլ, նրանից փախչելով, թաքնվել է Արայի լեռան քարայրում։
Աղջկան հետապնդող իշխանը լեռան ստորոտում հանդիպել է մի հովվի, որը նրան հայտնել է Ծաղիկի տեղը։ Եվ այդ պահին էլ մատնիչ հովիվն իր ոչխարներով քարացել է։
Իսկ Ծաղիկը, կորցնելով իշխանից ազատվելու հույսը, բարձրացել է ժայռի վրա և ցած նետվել։
Ըստ այս ժողովրդական ավանդազրույցի՝ այդ օրվանից էլ Ծաղիկի թաքստոց դարձած քարայրի առաստաղից սկսել է ջուր հոսել, որն, ըստ հավատացյալների, նահատակ կույսի արցունքներն են։