Ռազմիկ Սահակյանը Ներքին Գետաշեն գյուղից է: Նա դպրոցում աչքի ընկնող ու սիրված աշակերտ է եղել: Սիրում էր կյանքն ու հարազատներին: Ռազմիկը շատ էր սիրում նաև նկարել: Դպրոցական ուսումնառությանը զուգոհեռ սովորել է նաև տեղի Գեղարվեստի դպրոցում:
Ռազմիկը բանակ է զորակոչվել 2019 թվականի ձմռանը: Նա ծառայում էր մեծ սիրով ու հպարտությամբ էր կրում զինվորականի համազգեստը: Զինծառայությունն անց էր կացնում մարտունիում: Նա հաճախ էր ծնողների հետ ոգևորված խոսում զինծառայության մասին:
Պատերազմի օրերին Ռազմիկը մշտական կապի մեջ է եղել ծնողների հետ: Նարանց հանգստացնող ու հուսադրող խոսքեր է ասել, վստահեցրել, որ ամեն ինչ լավ է լինելու:
Սակայն, լինելով իսկական զինվորական, Ռազմիկը ոչ մի մանրամասնություն չէր պատմում մարտերի ընթացքից:
Ծնողները Ռազմիկի հետ վերջին հեռախոսազրույցն ունեցել են նոյեմբերի վեցին, իսկ նոյեմբերի ութի գիշերը Ռազմիկն անմահացել է՝ հավերժանալով հայրենի հողերի պաշտպանության համար մղվող պատմության էջերում: