Արեն Միրզոյանն արցախցի պայծառ երիտասարդներից էր, ով նոր էր զորակոչվել բանակ և ճակատագրի բերումով իր կյանքը տվեց հայրենի հողերի պաշտպանության սրբազան պայքարին: Արենն ընդամենը տասնութ տարի ապրեց:
Պայծառ երիտասարդը Արցախի երաժշտական քոլեջի սան էր, տաղանդավոր երաժիշտ, ով միաժանամակ լուրջ նպատակներ ուներ կայանալու մաթեմատիկայի ոլորտում:
Արենը հեռավար քննությամբ անվճար ընդունվել էր ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետ՝ այդպես էլ չտեսնելով ԵՊՀ-ի շենքը, չվայելելով ուսանողության բերկրանքը: Հետո նա անցել է զինծառայության: Արենը զոհվել է իր ծառայության հարյուրերորդ օրը:
Նրա ուսուցիչները հիացմունքով ու մեծ ափսոսանքով են խոսում պայծառ երիտասարդի մասին, ով միշտ աչքի է ընկել մեծ ընդունակություններով և նորը ընկալելու կարողություններով: Նրանք Արենին ապագայում հենց բեմում էին տեսնում:
Արենի ծնողները և ուսուցիչները վստահ են, որ նա երկրին շատ բան կարող էր տալ: Նրանք բոլորն իրենք իրենց մեղավոր են համարում, որ չեն կարողացել ապահովել իրենց զավակների ապահովությունը: