Գտնված վեցնյակը, որ իրենց գտնվելու օրը վերածնունդի օր է համարում, շարունակում է վերականգնողական բուժում ստանալ:
Զինվորների ծնողները չեն կարողանում առանց հուզմունքի ու արցունքների պատմել իրենց զգացողությունների և ապրումների մասին:
Զինվորներից Դավիթի մայրը պատմում է, որ Դավիթը մեծացել է Ռուսաստանում: Նա տասնհինգ տարեկանում է հայրենիք եկել և նույնիսկ կարգին հայերեն խոսել չգիտի, սակայն աննկարագրելի հայրենասիրություն ունի:
Դավիթը, չնայած դժվարություններին, չի կորցրել իրեն բնորոշ հումորի զգացողությունը, կենսասիրությունը, կատակներ է անում, իսկ մայրը, ինչպես իրենց զավակների հայտնվելուն հույսով սպասող մնացած ծնողները, հոգու խորքում զգացել է, որ իր զավակը ողջ է:
Նա ամեն օր իր տղային տեսել է իր երազում: Մայրական սիրտը հուշել է, որ որդին սոված է, ծարավ է, մրսում է:
Մայրը երազում հոգ է տարել որդու մասին, իսկ գտնվելու օրը երազ է տեսել, որ որդին վերադարձել է: Հենց այդ օրն էլ տեղեկացել է երջանկացնող լուրի մասին: