Այսօր հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»

Հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու, ՀՅԴ անդամ, Հայոց ցեղասպանության վերապրող Սողոմոն Թեհլիրյանը

Այսօր հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»

ծնվել է 1897 թվականի ապրիլի 2-ին Բագառիճում (Երզնկայի գավառ, Արևմտյան Հայաստան), ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։

1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Թեհլիրիյանը պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն (իրավական գաղտնի խորհրդական) էր, իսկ երրորդը՝ Յոհաննես Վերթաուերը (իրավական խորհրդական):

Այսօր հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»

Արդարացված Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) եւ ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

1921թ. մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագույն դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլիրյանին բացատրել է, թե ինչ պետք է անի 25-ամյա հայ վրիժառուն Բեռլինում Թալեաթին սպանելուց հետո. “Թիվ մեկ ազգասպանի գանգը կպայթեցնես և չփորձես փախչել. կկանգնես տեղում` ոտքդ սատակի վրա ու կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն”:

Թեհլիրյանն այսպես է նկարագրում Թալեաթի կյանքի վերջին ժամը. “Առավոտը սովորականից շուտ վեր կացա. արևի շողերը արդեն հասել էին դիմացի շենքի պատուհանին: Հազիվ էի ավարտել թեյս և ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին, երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին: Քարացա. Նա՞ էր արդյոք: Այո’: Նա մեկ-երկու քայլ առաջ անցավ, ուշադիր զննեց մայթը` նախ վեր, ապա վար, ու կարծես ինչ-որ մտքերի ծանրության տակ` գլուխը կախ: Ըստ երևույթին, թեթև չէր կյանքը գործած անպատում ոճիրից հետո: Թեև անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ` Պոլսո պատերազմական ատյանի և ՀՅԴ-ի: Առաջինը նրա համար հավանաբար ուներ բարոյական նշանակություն. փոխանակ վեր հանելու իր “ազգանվեր” մեծ գործը, հարազատ երկրի մեջ դատապարտում էին նրան մահվան` որպես սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ “թյուրիմացությունը” պարզել. ապագա սերունդները կհասկանային կատարած գործի արժեքը, եթե չլիներ ՀՅԴ դատավճիռը: Նայեցի ժամացույցին. 10-ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զենքը վերցրի` պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի պես ծանրորեն սկսեց վար իջնել: Սառը դատողությունը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռքիցս, բայց և հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ”:

Երիտթուրք ոճրագործները կամ նրանց մեծագույն մասը կխուսափեր հայ ժողովրդի ոչնչացումը կազմակերպելու և իրագործելու պատժից, եթե չլինեին հայ երիտասարդ վրիժառուներն ու ՀՅԴ-ի “Նեմեսիս” գործողությունը: Հունական դիցաբանության մեջ Նեմեսիսը վրիժառության աստվածուհին էր: 1919թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը որոշեց պատժել Երիտթուրքերի պարագլուխներին և Հայոց ցեղասպանության մյուս իրականացնողներին: Առանձնացվեց 650 անուն, որից 41-ը գլխավոր ոճրագործներն էին: “Նեմեսիսի” իրագործման համար ստեղծվեց պատասխանատու մարմին, ղեկավար ընտրվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն, ինչպես նաև` հատուկ ‎‎ֆոնդ Շահան Մարչակլյանի ղեկավարությամբ: Գործողության անմիջական ղեկավար նշանակվեց Շահան Նաթալին, օգնական` Գրիգոր Մերջանովը: Տեղեկությունների հավաքումն իրականացնում էր թուրքերի շարքերը թափանցած Հրաչ Փափազյանը, ով գերազանց տիրապետելով թուրքերենին, դարձել էր Ջեմալ Ազմիի որդու “ընկերը” Մեհմեդ Ալի անունով:

ՀՅԴ պատմագիրներից Հրաչ Տասնապետյանը նկատում է, որ “հասկանալի պատճառներով” ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումների բրոշյուրը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու մասին որևէ հիշատակում չի թողել, սակայն Սողոմոն Թեհլիրյանի, Միսաք Թոռլաքյանի և Արշավիր Շիրակյանի հուշերը հստակորեն հաստատում են քաղաքական այս դատավճիռների կազմակերպված լինելու իրողությունը:

Թալեաթ փաշայի սպանության կազմակերպման հարցում առաջնահերթ է եղել ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի և Արմեն Գարոյի ու Շահան Նաթալիի դերակատարությունը:

Թեհլիրյանը իր հուշերում գրում է. “Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց”:

Թեհլիրյանը ծնվել է Կամախի Բագառիճ գյուղում: Արևմտյան Հայաստանի դատարկումից և Եղեռնից հետո, որին զոհ են գնացել նրա մայրն ու հարազատները, Թեհլիրյանը զինվորագրվում է “Նեմեսիս” գործողությանը: Թալեաթին սպանելուց հետ նա ձերբակալվում է, սակայն 1921թ. հունիսի 3-ին ազատ է արձակվում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Յոհաննես Լեփսիուսը:

Դատարանի նախագահ- Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:

Թեհլիրյան- Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:

Նախագահ- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:

Թեհլիրյան- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:

Նախագահ- Թալեաթ փաշային ուզում էի՞ք սպանել:

Թեհլիրյան- Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:

Նախա‎գահ- Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:

Թեհլիրյան- Ես որևէ ծրագիր չունեի:

Նախագահ- Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:

Թեհլիրյան- Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ. դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:

Նախագահ- Իսկ դուք ի՞նչ արեցիք:

Թեհլիրյան- Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել”:

Դաշնակցության կողմից մահապատժի դատապարտված մյուս իթթիհատականները և մուսավաթականները սպանվեցին 1921-1922 թվականների ընթացքում: ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մահվան դատապարտված և սպանված բոլոր թուրքերը, բացառությամբ Էնվեր փաշայի, ընկան դաշնակցականների ձեռքով:

Գերմանական դատարանի կողմից արդարացված Թեհլիրյանը տեղափոխվում և բնակվում է Բելգրադում, ապա հաստատվում է Ֆրեզնոյում, որտեղ և կնքում է մահկանացուն 1960-ին:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Понравилась статья? Поделиться с друзьями: