Հովհաննես Թումանյան Քառյակներ. Լինե՜ր հեռու մի անկյուն, Լինե՜ր մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ, Հաշտ ու խաղաղ մարդկություն

Հովհաննես Թումանյան Քառյակներ. Լինե՜ր հեռու մի անկյուն, Լինե՜ր մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ, Հաշտ ու խաղաղ մարդկություն

Հովհաննես Թումանյան Քառյակներ. Լինե՜ր հեռու մի անկյուն, Լինե՜ր մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ, Հաշտ ու խաղաղ մարդկություն

Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

1890

* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

* * *

Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:

* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:

1916

* * *

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:

* * *

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ-
Մահը բռնում հանցավոր:

* * *

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:

* * *

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

* * *

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

* * *
Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:

* * *

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

* * *

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

* * *

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ոն՞ց էր համը իմ ձագի…

* * *

Մնացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային.
Հիմի կգա հերթը մեզ:

* * *

Հոգիս` տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:

1917
* * *

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

* * *
Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թե՛թև սիրտ:

* * *

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

* * *

Մի հավք զարկի ես մի օր.
Թռա՜վ, գնաց վիրավոր:
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր:

* * *

Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ գրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից:

* * *

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
-Ջա՜ն, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով:

* * *

Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նստած իմ ճմբին,
Լոռու հանդում մի արտույտ
Նայում է միշտ իմ ճամփին:

1918
* * *

Մեռա՜ն, մեռա՜ն.. Եվ ահա,
Խառնվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
“Կան ու չկան” ես հիմա:

 

1919

* * *

Կորցրել եմ, ու՞ր գտնեմ,
Տեղդ իմաց տուր` գտնեմ,
Ման եմ գալիս էս մթնում
Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:

* * *

Ի՜նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին.-
Ընկեր տվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին,
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

* * *

Խայամն ասավ իր սիրուհուն. “Ոտքդ զգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…”
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:

* * *

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

* * *

Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում,
Էսպես Էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:

1920

* * *

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

* * *

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարակու,
Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու,
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային` հայրենիքը իմ հոգու…

* * *

Ամեն մի սիրտ ցավով լցվեց մեր դարում,
Ցավոտ սրտով աշխարհ լցվեց մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:

1921

* * *

Աղբյուրները հնչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին երազուն`
Պոետները կանչում են ու անց կենում:

* * *

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

* * *

Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սրտում,
Էնքան տրտում կորած լավերն իմ սրտում…
Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին`
Երբ են փայլել ուրախ օրերն իմ սրտում:

* * *

-Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր:
Էս էլ կերթա` հանց երազում, թասդ բե՛ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր:

* * *

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին, ճամփանե՛ր:

* * *

Հանգել են,
Կրակներս հանգել են,
Ցուրտ ու խավար էս գիշեր
Ճրագներս հանգել են:

* * *

Չի գալիս,
Ականջ եմ դրել չի գալիս,
Ձեն եմ լսել էս ձորում,
Կտրել է, էլ չի գալիս:

* * *

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում:

* * *

Առատ կլնի կինը արդ,
Կընկնի էգի կինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ:

* * *

Ափսոս որ չես տեսնում բնավ
Տագնապն հոգուս խոր ու վեհ…
Հազար անգամ ափսոս ու ցավ,
Որ պիտ տեսնես երբևէ:

Понравилась статья? Поделиться с друзьями: