Ապրիլի 21-ը Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Թաթուլ Կրպեյանը  Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։

Ապրիլի 21-ը Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Թաթուլը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։

1972-1982 թթ. սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1985-1986 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը: Այնուհետև 1987-1990 թվականներին սովորել է ԵՊՀպատմության ֆակուլտետում։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ 1987-1989 թվականներին Թաթուլը նաև եղել է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ։

ԵՊՀ-ում սովորելուն զուգահեռ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է ժողովրդական, և ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: Երևանի պետական համալսարանում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը:

1989 թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Ընտանիքը բնակվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի՝ ասպիրանտների համար նախատեսված 18 հարկանի շենքում։

1990 թվականին ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը:

Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը:

1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի,ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։

Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։

Թաթուլն ասում էր՝

«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»

«Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»

«Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»

Понравилась статья? Поделиться с друзьями: