Այսօր ավագ հինգշաբթի է. Օրվա խորհուրդն է՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա

Այսօր ավագ հինգշաբթի է. Օրվա խորհուրդն է՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:

Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են չորս Ավետարանները. «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն բարձունքներում» (Մատթ. ԻԱ 8-9):

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնությո՛ւն Դավթի որդուն» (Մատթ. ԻԱ 15):

Ավագ հինգշաբթի-Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա:

Առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց և տվեց տասներոկւ աշակերտներին ու ասաց. «Առե՜ք, կերե՜ք, այս է Իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՜ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար» (Մատթ. ԻԶ 17-30, Մարկ. ԺԴ 12-26, Ղուկ. ԻԲ 7-14, 21-23, Հովհ. ԺԳ 21-30):

Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ` խաչվելով, Իր արյունը հեղելով և Հաղորդության խորհրդի հաստատումով, որը Սուրբ Սեղանի վրա օրհնված և պատարագված հացն ու գինին են:

Դրանք Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունն են և հոգևոր սնունդ` հավատացյալների համար. «Ով ուտում է իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի» (Հովհ. Զ 55):

Ոտնլվա

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. ԺԳ 5)` հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. ԺԳ 1-20):

Ոտնլվայի հիասքանչ արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակ է համարվում Ընդհանրական Եկեղեցու տիեզերալույս վարդապետներից սուրբ Եփրեմ Խուրի Ասորին (306-373): Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը (1066-1105) ԺԱ դարում այդ կարգը թարգմանել է հայերեն և ներմուծել Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգ: Հետագայում կարգը հարստացել է նաև զուտ հայկական շարականներով ու աղոթքներով, որոնցից են «Սիրտ իմ սասանի» և «Ուր ես, մայր իմ» գեղեցկահյուս մեղեդիներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խորիմաստ խրատը:

Եպիսկոպոսը կամ եկեղեցու քահանան տասներկու մանուկների կամ եկեղեցու սպասավորների հետ բարձրանում է խորան: Հոգևորականը խաչով ու Ավետարանով և «Թող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով օրհնում է խորանում դրված ջուրը և յուղը: «Պահպանիչ» աղոթքից հետո հոգևորականը վերցնում է սրբիչը, ծունկի գալիս և լվանում տասներկուսի ոտքերը և յուղով օծում: Արարողության վերջում կարդացվում է Ավետարան, ուր հիշատակվում է Քրիստոսի ձեռքով կատարված ոտնլվան: Հիսուս աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ Ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Հիսուսի ոտքերին պոռնիկ կնոջ թափած անուշահոտ յուղը (Հովհ. ԻԲ 3):

Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում:

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Понравилась статья? Поделиться с друзьями: