Աղոթք շաբաթ օրվա. Տեր, ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին` քո սրբերի հետ

Աղոթք շաբաթ օրվա. Տեր, ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին` քո սրբերի հետ

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարել[ագործել], որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա:

Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ երեսի փառքի և սուրբ Հոգուդ փառակցության համար, և քո կամավոր չարչարանքի համար, և կենդանարար արմատով փայտի ու սուրբ գամերի համար, և քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին` քո սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով` փառավորեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

(Գրաբար)

Սուրբ Երրորդութի՛ւն անբաժանելի, անճառելի եւ անաշխատ, որ յայսմ աւուր հանգեար յամենայն գործոց քոց, զոր սկսար առնել եւ կատարել, որ նշանակեաց հանգիստն զթաղումն աստուածացեալ մարմնոյդ, որ աշխատեցար բազկատարած բեւեռմամբն ի վերայ կենսաբեր սուրբ խաչին.

Եւ արդ, ահա ես՝ ամենամեղս, անկեալ աղաչեմ զքեզ, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, յո՛յս իմ Յիսուս Քրիստոս, եւ խնդրեմ ի քէն վասն փառաց երեսաց Հաւրդ լուսոյ եւ վասն փառակցութեան Հոգւոյդ Սրբոյ, եւ վասն կամաւոր չարչարանաց քոց, եւ վասն կենդանարար արմատ փայտին եւ սուրբ բեւեռացն, եւ վասն հեղման քրքմատեսակ ազատարար սուրբ արեանդ, եւ վասն երեքաւրեայ թաղմանն եւ
հրաշալի յարութեանն, եւ վասն կուսական կաթինն Մարիամու Սրբոյ Աստուածածնին, եւ վասն սիրոյ եւ բարեխաւսութեան ամենայն սրբոց քոց՝ երկնաւորաց եւ երկրաւորաց, սրբեա՛ զիս յամենայն մեղաց իմոց եւ ազատեա՛ ի դառն վշտաց գեհենին, եւ արժանի արա՛ զանպիտան ծառայս քո խոստացեալ բարեացն՝ ընդ ամենայն
սուրբս քո, զի ընդ նոսին հանգուցեալ փառաւորեցից զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Հովհաննես Գառնեցու Աղոթքները

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Понравилась статья? Поделиться с друзьями: