Ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանը այդպես էլ չիմացավ, որ հայր է դառնալու

Ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանի կինը՝ Անուշ Հյուսնունցը, դեմ չէ, որ դուստրն էլ զինվորական դառնա։

Ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանը այդպես էլ չիմացավ, որ հայր է դառնալու
2–ամյա Էլմիրան ծնվել է հոր զոհվելուց հետո՝ 2016թ.–ի նոյեմբերին, Գեղամն այդպես էլ չիմացավ, որ հայր է դառնալու։ Անուշը հղիության մասին իմացել էր, երբ ամուսնու զոհվելու մասին լուրն իմանալուց հետո վատացել էր ու նրան հիվանդանոց էին տեղափոխել։

«Գեղամի հետ ապրեցինք 6 ամիս… նրա զոհվելու օրը լրացավ մեր ամուսնության 6–րդ ամիսը։ Այդ օրը երկուսս էլ հերթապահության էինք, երբ ընդհանուր տագնապ տվեցին, ես չգիտեի, որ Գեղամն արդեն Թալիշում է, հետո եմ իմացել»,– NEWS.am–ին պատմում է երիտասարդ կինը։

Ամուսինները միասին ծառայել են Արցախի Մարտակերտի զորամասերից մեկում։ Գեղամը զոհվել է Թալիշի դիրքերում 2016թ.–ի ապրիլի 3–ին։
Դստեր ծնվելուց հետո Անուշը 2 տարի դադար էր վերցրել, այս հունվարին կրկին վերադարձել է Զինված ուժեր։

«2007թ.–ից եմ ծառայության մեջ, իհարկե, Գեղամի զոհվելուց հետո դժվար էր նորից ծառայության վերադառնալը, բայց ես իմ գործը սիրում եմ, պատասխանատվություն եմ զգում հայրենիքիս առաջ, դրա համար որոշեցի հետ գալ բանակ։ Եթե երեխաս էլ որոշի զինվորական դառնալ, ցանկություն ունենա, ես դեմ չեմ լինի, ինչով կարող եմ, կօգնեմ»,– ասում է Անուշը։

Անուշը ծառայության է անցել Ստեփանակերտի զորամասերից մեկում, դստերը պահելու համար դայակ է վարձել, իսկ հերթապահության օրերին քույրն ու ընկերուհին են օգնում։ Պետությունից որպես օժանդակություն Գեղամի ընտանիքը բնակարան է ստացել։

Գեղամ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայության համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության «Արիության համար» մեդալով, ինչպես նաեւ` «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, որը Վետերանների միությունը հանձնել էր այրուն` Գեղամ Մկրտչյանի 30-ամյակի օրը:

Տեսանյութը ստորև՝

Աղբյուր՝ arajininfo.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: