Փողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ
գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փողոցային առևտրով զբաղվողները բողոքի
ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կա՛մ
խոստացված տաղավարների տրամադրում, կա՛մ` նախկինի պես փողոցային
ազատ վաճառքի կազմակերպում:
Երեկ էլ վերջիններս ակցիան շարունակել են Ազգային Ժողովի դիմաց, նույնը եղել է
նաև Երևանի քաղաքապետարանի շենքի առջև, սակայն, առևտրականների
խոսքով, իրենց լսող և խնդրին լուծում տվող չկա: Առևտրականներից մեկն էլ այսօր
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բողոքում էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանն
իրենց խաբել է և որ շատ հնարավոր է առաջիկայում ընտանիքներով հանդերձ
արտագաղթեն դեպի Ռուսաստան:
Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվողներից մի քանիսը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ
զրույցում պատմեցին, որ մի խումբ վաճառականներով գնացել են ՀՀԿ գրասենյակ,
զրուցել ՀՀԿ վերնախավի հետ և խնդրել «սրանցից փրկել» իրենց: Տիկին Գայանեն
մանրամասնեց, որ բանը հասել է նրան, որ որոշ ծեր վաճառականներ ծնկաչոք
աղաչել են ՀՀԿ-ին՝ իրենց դուրս բերել անելանելի վիճակից:
«Մենք նրանց ասել ենք, որ, ճիշտ է, ԱԺ-ում ընդդիմություն չեք, բայց դրսում եք
ընդդիմություն, խնդրել ենք՝ որևէ կերպ ազդեն այս իշխանության վրա, որպեսզի
հարցը լուծվի: 20 օրից ավել է` սոված ենք, գործ չունենք, որ մեր ընտանիքները
պահենք: Սրանց աթոռն էր հետաքրքիր` եկան նստեցին, երկրի վիճակն իրենց
հետաքրքիր չի: Մեր բողոքի ալիքը մեծանալու է»,- մեզ հետ զրույցում
մանրամասնեց տիկին Գայանեն:
Ըստ վաճառականների՝ ՀՀԿ-ն՝ ի պատասխան նրանց խնդրանքի, ասել է, որ
սպասեն մինչև եկող ուրբաթ. հարցը չկարգավորվելու դեպքում արդեն որոշ քայլեր
կձեռնարկեն:
Մեր զրուցակիցները հավելեցին, որ վաղը և առաջիկա մյուս օրերին գնալու են և
նույն խնդրով դիմեն ԲՀԿ-ին, ՄԵՆՔ-ին, «Երկիր Ծիրանիին», «Սասնա Ծռերին» և
ՀՅԴ-ին՝ հույս ունենալով, որ վերջիններս կհամախմբվեն իրենց շուրջ:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Աղբյուր` yelaket.am