Հայաստանի նորագույն պատմության լավագույն ֆուտբոլիստը նշում է իր ծննդյան 30 ամյակը:Բացարձակ ջենթլմենն ու կախարդական Միկին․

Հայաստանի նորագույն պատմության լավագույն ֆուտբոլիստը այսօր նշում է իր ծննդյան 30 ամյակը: Տաղանդավոր, համեստ, աշխատասեր ֆուտբոլիստին արդեն իսկ շնորհավորել են մի շարք հայտնի ֆուտբոլային գործիչներ և պարբերականներ: Առաջարկում է վերհիշել Մխիթարյանի կյանքի հետաքրքիր դրվագներն ու ավելի լավ ճանաչել հայ ֆուտբոլիտին:

Հայաստանի նորագույն պատմության լավագույն ֆուտբոլիստը նշում է իր ծննդյան 30 ամյակը:Բացարձակ ջենթլմենն ու կախարդական Միկին․

Գրագիտությունն ու համեստությունը ամենկարևորն են

Հենրիխ Մխիթարյանի մասին խոսելիս բոլորը նշում են, որ նա միշտ աչքի է ընկնում իր կրթվածության մակարդակով: 30 տարեկանում Հենրիխը վարժ խոսում է 6 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն, կարողանում է հանգիստ շփվել իտալերենով և հասկանում է ուկրաիներեն ու իսպաներեն:

Տարածված է այն կարծիքը, թե ֆուտբոլիստները հեռու են ընթերցանությունից: Հենրիխն իր օրինակով ցույց է տալիս, որ այս կարծիքն այնքան էլ ճշմարտացի չէ: Հենրիխը շատ է կարդում և կարդում է ոչ միայն տանը, այլև թիմի հետ ինչ-որ տեղ գնալիս: Լրագրողները պարբերաբար նշում են, որ, եթե մյուս ֆուտբոլիստներն ինքնաթիռում կամ ավտոբուսում երաժշտություն են լսում, ապա հայազգի կիսապաշտպանը գրեթե միշտ զբաղվում է ընթերցանությամբ:

Հայ ֆուտբոլիստը նշում է, որ ընթերցել սիրում է շատ փոքր տարիքից: Մխիթարյանը պատմել է իր մանկության, սիրելի առարկաների և միայն ուսման վրա կենտրոնացած լինելու մասին: Ֆուտբոլիստի խոսքով՝ փոքր տարիքում ինքը միայն սովորում էր և չուներ ֆուտբոլի վրա կենտրոնանալու ժամանակ.

«Ես գնում էի մարզումների, բայց անկեղծ լինեմ, հիմնականում մտածում էի դպրոցի մասին, քանի որ դա շատ կարևոր էր»:

Մխիթարյանը նշել է նաև, որ սիրել և սովորել է բոլոր առարկաները: Նա բոլոր ուսուցիչների հետ ունեցել է լավ հարաբերություններ և դպրոցում երբեք խնդիրներ չի ունեցել:

Մխիթարյանն ամենուր աչքի է ընկնում իր համեստությամբ: Երբ նա խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», մարզաբազայի՝ Քերինթգոնի աշխատակիցները Հենրիխին նկարագրում էին՝ որպես բացարձակ ջենթլմեն: Աշխատակիցները Metro-ի հետ զրույցում նշել էին, որ Մխիթարյանը սիրելի է բացարձակապես բոլորի համար:

Մխիթարյանը՝ ինքն իր մասին

«Ես ինձ աստղ չեմ համարում: Ես ուղղակի Երևանի սովորական բնակիչ եմ: Աստղերը երկնքում են»:

«Ես միշտ աշխատում եմ սովորել: Դա իմ կյանքի սկզբունքն է: Մարդը, ով դադարում է սովորել, հավասար է մահացած մարդու»:

«Ես շատ եմ սիրել Զիդանի խաղը, այն ինձ միշտ ոգեշնչել է: Բայց ես երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրան: Ես սիրում եմ լինել անհատականություն»:

«Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց ես համոզված եմ, որ կարող եմ խաղալ ավելի ու ավելի լավ»:

«Ես շատ բաց մարդ եմ: Ես կարող եմ լսել ցանկացած մարդու, եթե հասկանամ, որ դա ինձ համար օգտակար է: Իսկ եթե նա հեռու է ֆուտբոլից, ապա ես պարզապես ուշադրություն չեմ դարձնի նրա ասածներին»:

«Ես ֆուտբոլիստ եմ, Դուք լրագրող եք, մեկ ուրիշը հաց է թխում… Ամեն մեկս՝մեր նախասիրություններին համապատասխան, տարբեր գործեր ենք անում, ու մեր գործը ոչ մի կապ չունի մեր ինտելեկտի ու զարգացածության հետ: Մենք զարգացած ենք, թե ոչ՝ դա մեր ընտրությունն է, մեր որոշումը: Չի կարելի մարդու աշխատանքից ելնելով դատողություն անել նրա ինտելեկտի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հացթուխը չպետք է կարդա կամ օտար լեզուներ իմանա: Բոլոր մասնագիտություններն էլ արժանի են հարգանքի, և անկախ այն բանից՝ լրագրող ես, մարզիկ, թե դերձակ, մարդը պետք է զբաղվի ինքնակրթությամբ, զարգանա: Դա հարգանք է սեփական անձի հանդեպ: Ինչ վերաբերում է ինձ, տարբեր երկրներում ապրելով, օտար լեզուների իմացությունը անհրաժեշտ է եղել, ու հաճույքով եմ սովորել: Ես առհասարակ սիրում եմ սովորել»:

«Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց: Հարազատներիս, ընկերներիս տրամադրած ժամանակը հաճույք է, որ նվիրում եմ ինքս ինձ: Ես ավելի շատ ունեմ նրանց կարիքն աշխատանքի, լարված ռեժիմի, չթուլացող ռիթմի մեջ: Առհասարակ, ես շատ բարձր եմ գնահատում մարդու սերն իմ հանդեպ: Յուրաքանչյուր մարդու, ով էլ նա լինի, ու աշխատում եմ հուսախաբ չանել: Սերը շատ թանկ ու պարտավորեցնող նվեր է»:

Երկրպագուները՝ Մխիթարյանի մասին

Ինչպես նշեցինք, լրագրողները անընդհատ նշում են, որ երկրպագուները շատ են սիրում Մխիթարյանին: Դա զգացվում է հատկապես սոցիալական ցանցերում արված մեկնաբանություններից: Օրինակ՝ Հենրիխի նախորդ ակումբների երկրպագոները անընդհատ նշում են, որ սպասում են Միկիի վերադարձին: Ձեզ ենք ներկայացնում տարբեր ժամանակներում Մխիթարյանի խաղի և որակների մասին արված մեկնաբանությունները:

@Edam26 – Լավագույն կիսապաշտպանն ու փլեյմեյքերը, որ ես տեսել եմ երկար ժամանակ: Միկին ունի մեր ակումբի լեգենդը դառնալու մեծ պոտենցիալ:

@Frear3 – Նա հրաշալի խաղացող է, բայց ամենալավը դեռ առջևում է:

@VintageUtd – Նա իսկապես հրաշալի է: Նա մեզ այնքան հաճախ է փրկել կենսական անհրաժեշտության գոլերով: Նրա վազքն ու եզրափակումները այնքա՜ն լավն են: Նա լավագույններից մեկն է:

@YunHongOfficial – Պրեմիեր լիգայի լավագույն փլեյմեյքերը:

@Rio_F79 – Նա շատ ազնիվ, աշխատասեր, թիմային ֆուտբոլիստ է: Նա ստեղծագործ անհատ է և կարող է շատ գոլեր խփել:

@Vivek21794 – Մեսսին արգենտինացի Մխիթարյանն է: Սա իմ ամենաբարձր գնահատականն է:

@Lilnick724 – Նա իմ սիրելի ֆուտբոլիստն էր, երբ խաղում էր «Բորուսիա Դորտմունդում»: Նա շատ յուրահատուկ է և ունի լավ դրիբլինգ:

@xZarryStylesx – Ես գնահատում եմ նրան, որպես խելացի ֆուտբոլիստ, ով կարողանում է լավ անցումներ կատարել և գոլեր խփել: Նա խփեց նաև իր հրաշալի «կարիճ» գոլը:

@Siamanto – Մխիթարյանն ունի տեսլական, տեմպ, որակ, հավասարակշռություն, փոխանցման հմտություններ և կարող է շատ գոլեր խփել:

@Rajas40 – Նա սուպեր տաղանդավոր ֆուտբոլիստ է, և թվում է՝ շատ համեստ է: Այստեղ նա կարող է դառնալ միայն ավելի լավը:

@MUFCFlash – Նրա հմտությունները հավասարը չունեն: Նրա որակը համաշխարհային մակարդակի է, և ապշեցնող է՝ ինչպես է նա շրջանցում մրցակիցներին:

@Squance_Matthew – Կախարդական Միկի: Սա միակ բանն է, որ մենք պետք է ասենք նրա համար: Նա կախարդական է գնդակով:

@_Barrack – Նրա գոլը մեզ պարգևեց Եվրոպա լիգայի տիտղոսը: Բոլորը ողջունում են մեր հայ կիսապաշտպանին:

Եվ, իհարկե, բլից. պատասխանում է Հենրիխը

Առաջին հիշողությունները ֆուտբոլից՝

– Իմ առաջին ֆուտբոլային հիշողությունները այն ժամանակներից են, երբ հայրս ֆուտբոլ էր խաղում, և ես դիտում էի: Նա խաղում էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի «Վալանս» ակումբում:

Առաջին ֆուտբոլային համազգեստը՝

– «Միլանի» համազգեստն էր:

Մանկության հերոսը՝

– Զինեդին Զիդան: Նա հրաշալի էր խաղում: Նա իսկական արտիստ էր խաղադաշտում:

Առաջին հիշողությունը՝ կապված «Արսենալի» հետ՝

– Առաջին հիշողությունը, երբ թիմը դեռ խաղում էր «Հայբերի» մարզադաշտում: Նրանք հրաշալի էին խաղում:

«Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստը՝

– Թիերի Անրի:

Ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը

– Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է:

Լավագույն հանդիպումը, որին մասնակցել եմ՝

– Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը «Այաքսի» հետ նախորդ մրցաշրջանում:

Սիրելի ֆիլմը՝

– «300 սպարտացիները»

Իմ մասին լավագույն երգը՝

– Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian.

Սիրելի գիրքը`

– Շատ գրքեր կան, որ ինձ համար շատ լավն են, բայց վերջիններից՝ Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսն» էր:

Ֆուտբոլից բացի իմ հոբբիներն են՝

– Ես սիրում եմ քնել, հանգստանալ և վայելել կյանքը:

Աղբյուրը՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: