Անի Քոչարի ամենահիշարժան տարեդարձների մասին և ոչ միայն

Երեկ՝ հունվարի 20-ին, իր ծննդյան տարեդարձն էր նշում Գերմանիայում բնակություն հաստատած  հայտնի լրագրող, մոդել  Անի Քոչարը, ով այս պահին պայքարում է արյան քաղցկեղի դեմ:
Անի Քոչարի ամենահիշարժան տարեդարձների մասին և ոչ միայն
Life.panorama.am-ը Անիին առաջարկել է պատասխանել մեր տոնական բլից հարցերին:
Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
Ամեն մի տարեդարձ հիշվում է մի բանով և այդպիսով դառնում հիշարժան, սակայն իմ կյանքի ամենաերջանիկ և հիշարժան տարեդարձն այն էր, երբ գրկումս էր արդեն իսկ 1 ամսական որդիս: Դավիթս իմ կյանքը նոր հույզերով և վառ գույներով լցրեց, էլ ավելի իմաստավորեց ապրածս կյանքն ու պայքարներս:
Եվ,թերևս, առջևում կլինեն նորանոր հիշարժան տարեդարձեր: Տա Աստված…
Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:
Ճակատագրական տարիքներ իմ կյանքում մի քանիսն են եղել և ամեն մեկը կապվել է անձնական կյանքի և դրան հաջորդող ծանր հիվանդության հետ: Չգիտեմ պատահականություն է, թե ոչ, թեև ինքս պատահականությունների չեմ հավատում, այս կյանքում ամեն բան պատահում է ինչ որ բանի համար:
Առաջին ճակատագրական տարիքը եղել է 16 տարեկանում, այնուհետև 28-ում և 32-ում: Երեք պարագայում էլ, թեև շատ եմ տառապել և պայքարել, բայց կարծես հաղթահարած եմ դուրս եկել: Չգիտես ինչու, ճակատագրականն իմ պարագայում ստացվեց կյանքի մահվան իմաստով, բայց հավատում եմ, որ այսուհետև իմ ճակատագրական տարիքները կապվելու են բացառապես դրական և լուսավոր իրադարձությունների հետ:
Ինձ վերածնված մարդ եմ համարում, այդ իսկ պատճառով, այս տարի նշում եմ 1 ամյակս)):
Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:
Եթե ժամանակագրականով սկսեմ, ապա 2000 թվականը, երբ սկսեցի իմ երկու երազած մասնագիտություններով` լրագրությամբ և մոդելինգով  զբաղվել, այնուհետև 2005-ը, երբ մեկնեցի հեռավոր գործուղման Չինաստան, որպես մանեքենուհի և հենց այնտեղ էլ հղացավ «Ես ամսագրի» գաղափարը, 2006-ը, երբ իրագործեցի նախագիծս և 19-20 տարեկանում հիմնեցի իմ ամսագիրն ու տարիներ անց` մեդիա ընկերությունը:  Ի դեպ`ասեմ, որ ԵՊՀ` Երևանի պետական համալսարանում ուսանողական տարիներս, զուգահեռաբար ԵԱԴ` Երիտասարդ լիդերների դպրոցում  ուսանելու ժամանակները ևս լավագույններից են եղել, այդ տարիների շրջագայություններն էլ վառ գույներով են լցրել կյանքս:
Ես այն մարդկանցից եմ, որ ամեն բան, ինչ անում է, սիրով և անմնացորդ նվիրումով է անում: Կարմիր դիպլոմով ավարտելը, օրինակ, ինձ համար ոչ թե նպատակ է եղել կամ ցանկություն, այլ նվիրված ուսման և ժրաջան աշխատանքի արդյունք, ինչի համար ես երջանիկ եմ:
2011 թվականը, երբ հրաշքով ծնվեց իմ Դավիթը: Կարծես թե վերջ… Հայրենիքից հեռանալուց հետո կարծես թե լույսը պակասեց իմ կյանքում, բայց վստահաբար այն հետ է վերադառնալու էլ ավելի վառ, լուսավոր և պայծառ օրեր են լինելու:
Կինն ու տարիքը հակամարտության մեջ են: Ձեր մեջ ո՞վ է հաղթում:
Կա այդպիսի բան, կանայք ձգտում են մշտապես երիտասարդ և խնամված լինել, սակայն ես այն քիչ կանանցից եմ, ում մեջ չկա հակամարտություն, ես գոհ եմ հենց միայն նրա համար, որ ապրում եմ, կամ, իսկ տարիքն անխուսափելի մի բան է: Ես ինձ հոգեպես միշտ երիտասարդ եմ զգում և ունեմ 20 տարեկանի կենսախնդություն  և կյանքի իմաստությունները, որ ստացել եմ, ինձ մի բան են հուշել, որ ներքուստ լիքը կինը` բովանդակություն և պաշար ունեցող կինը, ցանկացած տարիքում էլ գրավիչ է և ցանկալի:
Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը:
Առավելություններիս մասին չեմ մտածում, թող դա ուրիշները տեսնեն և գնահատեն, իսկ ես ինձ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կամ և երբեք չեմ դադարում ինքս ինձ վրա աշխատել, ինքնակատարելագործվել և ինքնակրթվել, թերությունները շտկել, մեղքերն ընդունել և ապաշխարհել:
Ազնվորեն խոսել թերությունների մասին՝ եւս առավելություն է: Ո՞րն է Ձեր ամենամեծ թերությունը:

Անթերի մարդ չկա, ես էլ բազում թերություններ ունեմ: Առաջին թերությունս հենց չափից դուրս ինքնաքննադատ ու ինքս իմ նկատմամբ խստապահանջ լինելն է: Շատ բաներ կան, որ օրինակ ես համարում եմ թերություն, բայց գուցե ուրիշների համար դա ամենևին թերություն չէ: Այնպես որ, իմ կարծած թերությունների շարքը չնշեմ )):
Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:
Առաջին նպատակն ապրելն է, ամբողջությամբ ապաքինվելն ու վերականգնվելը: Դժվարին ճանապարհ է, որը պետք է անցնեմ ու վստահաբար Աստծով հաղթանակեմ:
Այնուհետև, ունեմ բազում նպատակներ, ծրագրեր և իղձեր: Առաջ Աստված, ամեն բան իր ժամանակին: Ես դեռ շատ ասելիք և անելիք ունեմ:
Անի Քոչարը դեռևս կվերադառնա …
Աղբյուրը՝ life.panorama.am

Понравилась статья? Поделиться с друзьями: