Արդարությունը պահանջում է նրան ու նրա նմաններին կախաղան բարձրացնել, բայց գիլիոտինի պահանջարկը վտանգավոր է․

Հայաստանում իշխանությունը միշտ ընկալվել է որպես յուրատեսակ պատժիչ մարմին, քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու կամ կոշտ մեթոդներով ինչ-որ բաներ պարտադրելու գործիք, հետեւաբար՝ քաղաքացիների մեծամասնությունն էլ /անկախ նրանից՝ ենթարկվե՞լ է իշխանությունների պարտադրանքներին, թե ոչ/, իշխանական համակարգն ընկալել է որպես թշնամական կառույց ու փորձել կամ դիմադրել, կամ ինչ-որ կերպ լեզու գտնել՝ «շնից մազ պոկելն էլ ա քյար» սկզբունքով: Համապատասխանաբար էլ՝ հասարակության մի մասի մոտ պատկերացում է ձեւավորվել, թե եթե իշխանությունը չի պատժում, ուրեմն իշխանություն չկա:

Դրա համար էլ ամանորի  նախօրեին Երեւանի մայթերը վերածվել էին բացօթյա շուկաների, դրա համար էլ սիգի որսի արգելման ժամանակահատվածում Երեւանի բոլոր փողոցներում ու բակերում տոննաներով սիգ էր վաճառվում, դրա համար էլ քաղաքը թաղված էր աղբի մեջ, ու աղբի տոպրակները փողոցներում շաղ տվողները դրանից անմիջապես հետո վազում էին համակարգիչների մոտ ու ստատուսներ գրում այն մասին, թե «էս ինչ բարդակ ա, երկրում իշխանություն չկա», եւ այդպես շարունակ: Բա իհարկե, մի կողմից՝ «խի դրա համար ե՞նք հեղափոխություն արել, որ էսօրվա օրով մեզ ազատ չզգանք», մյուս կողմից՝ «իշխանություն չկա, շունը տիրոջը չի ճանաչում, բա եթե իշխանություն ըլներ՝ հըմի դրանց սաղին, Սերժով, Սաշիկով, Քոչարյանով-բանով, սաղին հավքել-տարել էր, թալանածն էլ բաժանել էր ժողովրդին, էս ի՞նչ վիճակ ա»:

Ահա այդպես: Հեղափոխական գիլիոտինն, այսինքն, պիտի աշխատի անխափան եւ առանց ընդմիջումների, որովհետեւ մարդիկ այդպես են պատկերացնում «նորմալ իշխանություն» ասվածը: Ու այս պատկերացումն արդեն քաղաքական դրսեւորումներ է ստանում՝ քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ահազանգում են, թե իշխանությունները պիտի անհապաղ «անցումային արդարադատություն» իրականացնեն ու բոլոր նախկիններին բանտերը լցնեն՝ նախապես մինչեւ վերջին լուման խլելով նրանց ունեցվածքը, այլապես նրանք ուշքի կգան ու կփորձեն հասնել ռեւանշի:

Զուտ մարդկային արդարության տեսանկյունից այս պահանջը գուցեեւ արդարացված է, բայց խնդիրն այն է, որ արդարությունն ու արդարադատությունը, ցավոք, տարբեր բաներ են: Օրինակ՝ ցանկացած նորմալ մարդու համար հասկանալի է, որ եթե որեւէ մեկը, տասը տարի աղքատ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելով, մուլտիմիլիոնատեր է դառնում, այդ մարդը պարզապես չի կարող հանցագործ չլինել, ու արդարությունը պահանջում է, որ նրան ու նրա նմաններին պետք է հրապարակավ մի յոթ-ութ անգամ կախաղան բարձրացնել: Իսկ ահա արդարադատությունն ասում է, որ կա անմեղության կանխավարկած, ու եթե անգամ ժողովրդի 99 տոկոսը համոզված է, որ այդ մարդը հանցագործ է, միեւնույն է՝ նրա հանցանքի յուրաքանչյուր դրվագ պիտի հարյուր տոկոսով հիմնավորվի, ու Աստված չանի՝ պարզվի, որ մեղադրող կողմն ինչ-որ փաստաթղթում ինչ-որ տառասխալ է արել կամ բաց է թողել ինչ-որ ընթացակարգ. վերջ, այդ մարդուն պատասխանատվության ենթարկելն անօրինական է: Մարդկային արդարությունն, օրինակ, պահանջում է, որ հանրահայտ Սաշիկը զրկվի ունեցած-չունեցածից ու ընտանիքի կարիքները հոգա բացառապես Աբովյան-Բյուրեղավան երթուղու պազիկը քշելով, իսկ ահա արդարադատությունը պահանջում է փաստերով ապացուցել, որ նրա վիթխարի հարստության աղբյուրը ոչ թե «բացառիկ բիզնես-ջիղն է» /ինչպես պնդում էր Սերժ Սարգսյանը/, այլ կոռուպցիոն սխեմաները:

Տեսականորեն՝ ցանկացած երկրում կարելի է արդարություն հաստատել /անունը դնելով անցումային արդարադատություն ու բանտերը լցնելով բոլոր նրանցով, ում հասարակությունը հանցագործ է համարում/, կարելի է արդարադատություն իրականացնել՝ առաջնորդվելով բացառապես օրենքներով ու հաշվի չառնելով հասարակական կարծիքը, եւ միակ բանը, որ չի կարելի անել՝ այս երկու «մոտեցումների» համատեղումն է: Պրոբլեմն այն է, որ Հայաստանի իշխանությունները կարծես թե փորձում են երկրում արդարադատություն իրականացնել, ու դա ժողովրդի մի զգալի հատվածին դուր չի գալիս: Բայց սա այն ոլորտն է, որտեղ պոպուլիզմն անթույլատրելի է, եւ մեծամասնության պահանջներով առաջնորդվել չի կարելի: Եթե անգամ այդ մեծամասնությունն իշխանությունների նման դիրքորոշումն ընկալի որպես «իշխանության բացակայություն»:

Սա այն հարցն է, որ ավելի լավ է ոչ թե իշխանությունները փոխեն իրենց դիրքորոշումը, այլ հասարակությունը փոխի իր դիրքորոշումը «իշխանություններ» հասկացության նկատմամբ:

Արմեն Բաղդասարյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!