Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթի եւ Սոնայի հարսանիքն է լինելու հունվարի 26-ին

Հունվարի 26-ին Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթի եւ Սոնայի հարսանիքն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթը ասաց, որ մեծ հարսանիք են անելու՝ 500-ից ավելի հյուրերով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր 2018 թվականի փետրվարի 24-ին:

Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթի եւ Սոնայի հարսանիքն է լինելու հունվարի 26-ին

«Դեռ նախորդ տարի էինք ուզում հարսանիքն անել՝ չստացվեց: Նոյեմբերյանի հարսանեկան տանը կանենք: Օրն էլ հունվարի 26-ն ենք որոշել, պատահական է ընտրված: Ավանդական հայկական հարսանիք է լինելու, էն, որ հայաթում ցուլիկ են մորթում. դեռ ես էլ մանրամասները լավ չեմ պատկերացնում»,-պատմեց Դավիթ Գրիգորյանը:

Մեր հարցին, թե ինչպես է ինքնազգացողությունը եւ տրամադրությունը, Դավիթը պատասխանեց. «Հրաշք է»: Դավիթը Գրիգորյանը «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում իրավագիտություն էր սովորում, սակայն հայտնեց, որ կրթությունը կիսատ է թողել. «Չէի կարողանում սովորել, երկար նստել չէր ստացվում դասերի ժամանակ, երրորդ կուրս էի, դուրս եկա»:

Ապրիլյան պատերազմի հերոսի կյանքում մեր նախորդ զրույցից հետո շատ բան չի փոխվել, ապրում է իր առօրյայով: Բարեհաջող վիրահատություն է տարել Երեւան քաղաքի Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ինքնազգացողությունից չի բողոքում, ասաց, որ լավ է: Շարունակում է ամեն ամիս պարտադիր բուժզննում անցնել: «Հունվարի 8-ին եկել էի Երեւան, որ վիրահատվեմ, բայց փոշմանեցի, հետձգեցինք հարսանիքից հետո»,-ասաց նա:

Դավիթը ոչ մի դեղորայք չի օգտագործում, բուժզննումներն ու վիրահատությունն անվճար են, իսկ պետության կողմից ստանում է 55 հազար դրամ զինհաշմանդամի թոշակ:

Դավիթ Գրիգորյանն ապրում է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում: Ապրիլյան պատերազմի հերոսը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, որին ի վիճակի կլինի, սակայն ասաց, որ որեւէ աշխատանք դեռ չի գտնում: Նստակյաց կյանք չի սիրում, եւ չնայած երկու ոտքերն էլ կորցրել է ու պրոթեզների օգնությամբ է շարժվում, միեւնույն է՝ գերադասում է ակտիվությունը:

Դավիթից հետաքրքրվեցինք, թե հետագայում բուժումը դրսում շարունակելու կարիք ունի՞ արդոք. Ապրիլյան պատերազմի հերոսն ասաց, որ դրա կարիքն ամենեւին էլ չկա, բացի այդ էլ չի ուզում Հայաստանից բացի ուրիշ տեղ ապրել, եւ անկախ ամեն ինչից՝ չի գնալու:

Աղբյուրը՝ armtimes.com

 

Понравилась статья? Поделиться с друзьями: