Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Տարվա քաղաքական գործիչ»՝ ռուսական «Ведомости». թերթի ընթերցողների քվեարկության արդյունքում։
43-ամյա Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքներով գերազանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին և այլն: Այդ անվանակարգում եղել է նաև Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովը։
Թերթը գրում է, որ անցնող տարում հետխորհրդային տարածքում տեղի ունեցավ ևս մեկ «գունավոր հեղափոխություն», այս անգամ՝ Ռուսաստանի ամենամոտ և հավատարիմ դաշնակից Հայաստանում։
Այս առիթվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա»: