ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր մասնակցեց Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։
20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն,-Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ օրերս ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երևույթների բացառումը, զինված ուժերի հանդեպ հասարակության վստահության առավել ամրապնդման անհրաժեշտությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խիստ վերահսկողության տակ է լինելու ձմեռային զորակոչի գործընթացը և հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը: Համակողմանիորեն ուսումնասիրվելու են բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը, բուժհաստատություններում տրված եզրակացությունները` առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով: