«Փաշինյանին պետք է օգնենք Հայաստանի տնտեսությունն արդիականացնելու հարցում». Ռուբեն Վարդանյանը․

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է նոր իշխանությունների օրոք Հայաստանի տնտեսական ապագայից:

«Փաշինյանին պետք է օգնենք  Հայաստանի տնտեսությունն արդիականացնելու հարցում». Ռուբեն Վարդանյանը․

Հարցին, թե ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինչ պետք է անի երկրի տնտեսական առաջընթացի ապահովման համար, Ռ. Վարդանյանը պատասխանել է.

«Իրականում ոչ ոք չի կարող ասել՝ ով է այն մեկը, որ կարող է առաջնորդել Հայաստանում տնտեսական բարեփոխման գործընթացը, քանի որ երկրում առկա են բազմաթիվ մարտահրավերներ, բոլոր ոլորտներում արդիականացման ու բարեփոխումների կարիք կա: Կարծում եմ՝ բոլորս պետք է օգնենք նրան այդ հարցում, քանի որ հայ ժողովրդի համար նրա տապալումն իսկական աղետ կլինի: Մարդիկ նրան մեծ մանդատ են տվել ու մեծ սպասումներ ունեն Փաշինյանից: Նա շատ անելիք ունի, քանի որ վերջին 25 տարում երկրի տնտեսության արդիականացման համար գրեթե ոչինչ չի արվել: Այս առումով պաշտոնը մարտահրավեր է նրա համար»:

Նրա խոսքով՝ Փաշինյանը, միանշանակ, բավականաչափ փորձ չունի երկրի տնտեսական փոփոխության գործընթացը ղեկավարելու համար:

«Բայց կարծում եմ, որ ճիշտ մարդկանց, պրոֆեսիոնալների ու լայնախոհ անձանց իր շուրջ համախմբելու դեպքում, նա հաջողության հասնելու հնարավորություն կունենա»,- ասել է Վարդանյանը:

Խոսելով այս հարցում Ռուսաստանի դերակատարման ու նշանակության մասին՝ գործարարը շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ շուկան է:

«Եկեք ազնիվ լինենք՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական արտադրության բազմաթիվ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայում:

Բայց չափանիշների ավելի ցածր մակարդակ ունեցող ռուսական շուկայում հայերը կարողանում են վաճառել իրենց արտադրանքը: Բացի այդ, Ռուսաստանը խոշոր ներդրող է: Այն Հայաստանում աշխատանք չգտնելու հետևանքով Ռուսաստան մեկնողների համար խոշոր «գործատու» է: Ուստի՝ մի շարք պատճառներով Ռուսաստանը խոշոր ու կարևոր գործընկեր է»,- ասել է Վարդանյանը:

Վերջում գործարարը նշել է, որ Հայաստանը խելացի է վարվում միաժամանակ համագործակցելով և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ:

Աղբյուրը՝ 168․am

Понравилась статья? Поделиться с друзьями: