Մենք ունենալու ենք ավելի լավ Հայաստան, ավելի երջանիկ Հայաստան, և ամենակարևորը արդարության Հայաստան:Լուիզա Ղամբարյան ․

Ապրիլին` Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, յուրաքանչյուր քաղաքացի ակնկալում է փոփոխություններ նաեւ իր կյանքում: Թավշյա հեղափոխության օրերին դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը հայտարարել էր, որ թեկուզ իրեն դուր չի գալիս այն պայմանները, որոնցում մարդիկ ապրում են Հայաստանում, այնուամենայնիվ, իր կարծիքով, պայքարի այս ձեւը հարցին լուծում չի տա. «Ինչպե՞ս կարող է այս իրավիճակը դուր գալ մարդու, ով գիտակից է, տեսնում է իրականության բոլոր շերտերը, բայց դա չի նշանակում, որ այս ճանապարհն ինձ համար ընդունելի է, եւ բոլոր այն բազմաթիվ հարցերը, դժգոհությունները, բողոքները, որ ես ունեմ որպես քաղաքացի, միևնույն է, չեմ կարծում, որ այս ճանապարհը կարող է լուծել բոլոր այդ հարցերը»,- ապրիլի 21-ին ասել էր նա:
Մենք ունենալու ենք ավելի լավ Հայաստան, ավելի երջանիկ Հայաստան, և ամենակարևորը արդարության Հայաստան:Լուիզա Ղամբարյան ․

Ժողովուրդ» օրաթերթը Լուիզա Ղամբարյանի հետ երեկ զրուցել է պարզելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր կյանքում եւ ոլորտում:

-Ապրիլին` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում, ձեր ոլորտում: Էական փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ:

-Ոչ: Իմ կյանքում էական ոչ մի փոփոխություն չի եղել: Ես շարունակում եմ ստեղծագործել նույն ոգեւորությամբ, աշխատասիրությամբ եւ նույն սիրով: Իմ անձնական կյանքում նույնպես ամեն ինչ անփոփոխ է, փառք Աստծո:

-Գո՞հ եք այսօրվա Հայաստանից: Արդյոք նախկին ու ներկայիս Հայաստանի եւ մեր քաղաքացիների ապրելակերպի մեջ փոփոխություններ չկա՞ն:

-Փորձեմ ամփոփ պատասխանել. փոփոխություններ, իհարկե, կան եւ դրանք ավելի շատ գտնվում են հոգեբանական մակարդակի վրա: Խոսքս դրական փոփոխություների մասին է: Թե ինչ կլինի վաղը, եւ այդ հոգեբանական տրամադրվածություններն ու տրամադրությունն ինչ կլինի, ցույց կտան կենսական եւ տնտեսական պայմանները:

-Նշեք երեք ուղղություն, որոնք կցանկանայինք` Հայաստանում փոփոխության ենթարվեն:

-Կարծում եմ, որ փոփոխություններ ոչ թե երեք, այլ շատ ավելի ուղղություններում են անհրաժեշտ: Ամեն ինչ սկսվում է կրթությունից: Բոլոր այլ ուղղությունների հիմնական խնդիրները սկսվում են կրթության ոլորտի բարեփոխումներից: Եթե մեր կրթական ոլորտում ծրագրային, հիմնավոր բացված փոփոխություններ լինեն, ապա որոշ ժամանակ անց մենք կունենանք այն գրագետ ռեսուրսը, որն ի վիճակի կլինի բարեփոխելու մնացյալ այլ ուղղությունները: Այլապես եթե ուղղակի ասենք, որ, օրինակ, բժշկության մեջ այս կամ այն խնդիրները կան, կարծում եմ, սխալ կլինի: Պետք է կրթության ոլորտից սկսել: Այս ամեն ինչը գալիս է կրթությունից:

-Լուիզա, առաջիկայում` դեկտեմբերի 9-ին, խորհրդարանական ընտրություններ են լինելու: Դուք` որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչ, ի՞նչ ակնկալիքներ եւ կանխատեսումներ ունեք:

-Ես վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, եւ մենք ունենալու ենք ավելի լավ Հայաստան, ավելի երջանիկ Հայաստան, եւ ամենակարեւորը, այն արդարության Հայաստանը, որի պակասը մենք ունեինք, եւ որն այսօրվա ամենամեծ փափագն է. արդարության Հայաստան:

-Հիմա ի՞նչով եք զբաղվում: Ի՞նչ փուլում եք, ի՞նչ ծրագրեր ունեք: -Հանրային հեռուստատեսությամբ նոյեմբերի 18-ից սկսվել է ֆիլմաշար «Պատուհանի տակ ծղրիդն է երգում» անվանմամբ, որտեղ մարմնավորում եմ Նոյեմի կերպարը` գյուղացի մաքրակենցաղ ազնվական կին: Շատ հետաքրքիր է աշխատել, լավ նկարահանման խումբ է: Աշխատում եմ իմ շատ սիրելի դերասան Գուժ Մանուկյանի հետ` հարս եւ սկեսրայր ենք: Շատ հետաքրքիր ու լավ ֆիլմաշար է:

 

Աղբյուրը՝ armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: