Թուրքի պես ինչու՞ ավերեցիք այս չքնաղ երկիրը, եթե մտահոգ եիք․Արմեն Դանիելյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բացահայտել է իր
նախընտրական կարգախոսը։Այն է` «Եթե մտահոգ ես… ընտրի՛ր Հանրապետականին»։
ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը
հարցն ուղղում է ՀՀԿ պաշտոնյաններին, ովքեր միլիոնավոր
մարդկանց հիմարի տեղ դրեցին և թուրքի պես ավերեցին այս չքնաղ
երկիրը:

Թուրքի պես ինչու՞ ավերեցիք այս չքնաղ երկիրը, եթե  մտահոգ եիք․Արմեն Դանիելյան

Եթե մտահոգ ես…
Իսկ արդյոք կգտնվի մոլորակի վրա գեթ մի հայ՝ ով մտահոգ չէ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրով… Ցավոք, այո՛, կգտնվեն այդպիսիք…
Հեշտ է ասել, եթե մտահոգ ես…
Իհարկե մտահոգ եմ…
Իսկ արդյոք մտահոգ չէին այն պաշտոնյաները՝ ովքեր կողոպտել ու թալանել են այս չքնաղ երկիրն ու աշխատասեր ժողովրդին…
Ես ուզում եմ այս հարցն ուղղեք ինքներդ ձեզ…
Իսկ առհասարակ դուք մտահոգ եք… Իսկ երբ պարզեք, որ իրոք մտահոգ եք կամ եղել եք այդպիսին, ապա պետք է հիշեք, որ… ձախողվել եք….

Կրթության ոլորտում… մասսայական անգրագիտություն և կրթական կոռումպացված համակարգ,

Սոցիալական ոլորտում… մասսայական աղքատություն, չքավորություն, գործազրկություն և սոսկալի ցածր աշխատավարձ,

Արդարադատության ոլորտում… մասսայական անարդարություններ, օրենքի հետ կապ չունեցող բազմաթիվ ապօրինի դատական ակտեր, քաղաքական պատվերների մի ողջ անարդարությունների բուրգ,

Իրավապահ ոլորտում… քաղաքական ընդդիմադիրներին պատժելու, ՛՛դասատիարակելու՛՛, անհրաժեշտության դեպքում ՛՛ոչնչացնելու՛՛ գիշատիչների մի մեծ ոհմակ,

Առողջապահության ոլորտում… անորակ բժշկություն և համատարած դրամաշորթություն, առանց սահմանված նմուշի կեղծ դեղորայքի ապօրինի շրջանառություն, մասսայական անտարբերություն մարդկանց առողջության նկատմամբ,

Քաղաքաշինության ոլորտում… Երևանի մասով միայն ասեմ՝ քաղաքը դարձրել եք գեղի կլուբ՝ քանդելով պատմական և մշակութային արժեք ներկայացնող շենքներն ու շինությունները…

Բնապահպանական ոլորտում… ընդերքի անխնա շահագործում, ապօրինի հանքերի առկայություն, մասսայական ծառահատումներ, ստորգետնյա ջրերի աննպատակ օգտագործում, մի խոսքով բնության ոչնչացում՝ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով,

Բանկային ոլորտում… վարկային այնպիսի համակարգ, որը մարդկանց անխուսափելիորեն զրկել է տնից և ունեցվածքից,

Հարկային և մաքսային ոլորտ… մասսայական կողոպուտ սահմանի վրա և աննկարագրելի բարձր ու չհիմնավորված հարկային կաշառքների մի ողջ գերկոռումպացված համակարգ,

Ցավալի է, բայց դուք անամոթաբար ձախողվեցիք նաև պաշտպանության ոլորտում… այս բնագավառում ևս ամոթը ամաչում է ձեր փոխարեն… մասսայական թալան, անգրագետ գեներալիտետի առկայություն, խաղաղ պայմաններում հարյուրաավոր զինծառայողների սպանություններ, անորակ սնունդ, կեղծված տենդերներ, հազարավոր այլ չարաշահումներ և այլն … Իսկ վերջում ձախողեցիք Ապրիլյան պատերազմը՝ հարյուր հերոս զինվորներին նահատակելով և ութ հարյուր հեկտար ազատագրված և ՛՛անպետք՛՛ տարածք զիջելով… Վստահ եմ, որ այդ ՛՛անպետք՛՛ տարածքն ավելի է, քան ձեր ասած ութ հարյուր հեկտարը…

Հիմա հարց եք տալիս՝ մտահոգ ես… բա որ մտահոգ չլինեինք, հիմա ձեր ավերած երկրից առանց հետ նայելու փախել էինք անվերադարձ…

Այդ հարցը ձեզ տվեք, եթե մտահոգ էիք՝ ինչու՞ էիք միլիոնավոր մարդկանց հիմարի տեղ դրել և թուրքի պես ավերում այս չքնաղ երկիրը…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: