Մոսկվայում կայացած մարտեր առանց կանոնների ACB 90 մրցաշարում մեծ սկանդալով է ավարտվել ամերիկացի Գեորգի Կարախանյանի եւ ռուսաստանցի Թիմուր Նագիբինի միջեւ կայացած մրցամարտը:
Մրցամարտի ամենասկզբից երեւաց մրցակիցների միջեւ ոչ բարյացակամ վերաբերմունքը, նրանք չխփեցին ձեռնոցներին՝ ի նշան հարգանքի: Մարտի ամենասկզբում ԱՄՆ-ը ներկայացնող Գեորգի Կարախանյանն ակնհայտ առավելություն ուներ ռուսաստանցի Թիմուր Նագիբինի նկատմամբ:
Մրցամարտի առաջին դադարից հետո, երբ մրցավարն արդեն կանգնեցրել էր խաղը, Նագիբինը հարձակվում եւ հարվածներ է հասցնում Կարախանյանի դեմքի շրջանում: Նրան մի կողմ է տանում եւ մի կերպ զսպում մրցավարը, ուշքի գալուց հետո Կարախանյանը ցանկանում է հարձակվել Նագիբինի վրա, պատասխան հարված հասցնել, սակայն նրան հետ են պահում:
Գեորգի Կարախանյանը հրաժարվել է շարունակել մրցամարտը: Արդյունքում, մրցավարները որակազրկել են Թիմուր Նագիբինին, քանի որ հարվածը եղել էր ոչ թե մարտի, այլ դադարի ժամանակ, երբ մրցակիցը չի պաշտպանվել: Հաղթանակը շնորհել են ԱՄՆ-ում բնակվող հայազգի մարզիկին:
Ռինգից հեռանալուց հետո իսկական մարտ է սկսվել նաեւ տրիբունաներում, Կարախանյանի երկրպագուները ցանկացել են հաշիվներ պարզել Նագիբինի եւ նրան ուղեկցող թիմի հետ, արդյունքում քաշքշուք է սկսվել կողմերի միջեւ, ծեծկռտուք, վիճաբանող կողմերին ի վերջո բաժանել են հատուկ ջոկատայինները:
ՏԵՍԱՆՅՈՒԹ 1՝ մրցամարտն ամբողջությամբ
Հատկանշական է, որ այս մրցամարտի ընթացքում հանդիսատեսների շարքերում եւս մեկ վիճաբանություն ու քաշքշուկ է եղել, որը եւս բուռն արձագանք է ստացել: Կարախանյանին երկրպագելու համար Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանի ու Արցախի դրոշներով նստած են եղել դահլիճում: Նրանց հետ Արցախի դրոշը հեռացնելու համար վիճաբանել են դահլիճում գտնվող ադրբեջանցիները, սկսվել է քաշքշուկ, որից հետո ադրբեջանցիները փախել են՝ տեղում թողնելով անգամ իրենց հետ բերված ադրբեջանական դրոշը:
Աղբյուրը՝ armtimes.com