Մարտի 1-ի գործով հետախուզում է հայտարարվել քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը

Մարտի 1-ի գործով հետախուզում է հայտարարվել քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ եւ ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Ըստ մեղադրանքների` Վ. Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել է քննչական խմբի ղեկավար: Վերջինս նշված քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու եւ տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաեւ իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որեւէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ եւ ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ, կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված եւ վերցված ապացույցների կեղծելը:

Մասնավորապես, քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ՝ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վ. Հ.-ն եւ քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին եւ հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու եւ վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի եւ տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին:

Վերջիններս ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների հետ ոստիկանության զորքերի՝ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի եւ տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ հանձնվել քննիչին: Այնուհետեւ պարկուճները տրամադրվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: Վերջինս, օժանդակելով Վ. Հ.-ին, նրա կազմակերպմամբ եւ անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին եւ դրվել շրջանառության մեջ։

Այնուհետեւ Վ. Հ.-ն անձամբ, ինչպես նաեւ իր ղեկավարման տակ գտնվող քննչական խմբի մյուս քննիչների միջոցով մինչեւ 2011 թվականի նոյեմբերի 17-ը, փոխարինված պարկուճները որպես կեղծված ապացույցներ եւ դրանց վերաբերյալ փորձագետի կեղծ եզրակացությունը հիմք ընդունելով, շարունակել է հիշյալ քրեական գործով նախաքննության կատարումը՝ վերը նկարագրված իրադարձություններին ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մասնակցության, այդ ստորաբաժանումների ծառայողների կողմից հրազեն գործադրելու փաստերը հերքելու եւ բացառելու ուղղությամբ:

Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վ. Հ.-ի եւ Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ խոսքը ՀՀ ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի մասին է:

Աղբյուրը՝ armtimes.com

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: