Ըստ ՀՔԾ պետի․Միհրան Պողոսյանն ու Արամ Հարությունյանը մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեն.

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ շուտով պատգամավոր է ձերբակալվելու՝ կաշառքի գործով: «Ֆակտորի» լրագրողի հարցին, թե՝ ում մասին է խոսքը, Խաչատրյանն ասել է. «Չեմ մեկնաբանում»: Նա նույն պատասխանը տվեց նաեւ, երբ հարց հնչեց՝ արդյո՞ք խոսքը Միհրան Պողոսյանի կամ Արամ Հարությունյանի մասին է:

Ըստ ՀՔԾ պետի․Միհրան Պողոսյանն ու Արամ Հարությունյանը մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեն.

Հարցին՝ ընդհանրապես բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ կա՞ հարուցված քրեական գործ, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Անձի նկատմամբ, եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Նշված անձը տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի»: Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, ապա Սասուն Խաչատրյանը տվեց նույն պատասխանը՝ նշելով, որ նրա նկատմամբ ևս քրեական գործ չկա:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունենալիս ասել էր, որ պատգամավորներից մեկը կաշառքի գործով ձերբակալվելու է:

«ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, որն արդեն երկու ամիս մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու էդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է: Բայց օրինակ, երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է՝ էդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, գուցե էդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Լավ, կարելի է մի շաբաթ էլ ձգել, մի ամիս էլ, բայց տարբերակ չկա՝ էդ պատգամավորը կալանավորվելու է, եւ դա լինելու է 3-րդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»,- երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել էր վարչապետը:

Վարչապետի հայտարարությունից հետո երեկվանից ֆեյսբուքյան հայկական տիրույթում, լրագրողական շրջանակներում փորձում են հասկանալ, թե որ պատգամավորի մասին է խոսքը: Մինչ այժմ հիմնականում շրջանառվում էին Միհրան Պողոսյանի եւ Արամ Հարությունյանի անունները:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: