ՀՀԿ-ում մասնակցության վերջնական որոշում չկա, հնգյակով ցուցակը զարմանալի է ։

Հանրապետական կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել՝ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է, թե՝ ոչ: Կուսակցության քաղաքական դեմքերը միայն մասնավոր կարծիքներ են հայտնում: ՀՀԿ-ն առայժմ որեւէ պաշտոնական հայտարարություն չի տարածել այս կարեւորագույն հարցի հետ կապված: ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե ՀՀԿ-ն մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Նա միաժամանակ նշում է, որ սա իր անձնական կարծիքն է: «Ինձ թվում է, որ ճիշտը մասնակցությունն է, և դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք։ Չեմ ցանկանում միանձնյա որոշում կայացնել, պարզապես կան կարծիքներ, հիմնական կարծիքները՝ մասնակցելն է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

ՀՀԿ-ում  մասնակցության վերջնական որոշում չկա, հնգյակով ցուցակը զարմանալի է ։

Օրեր առաջ Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ին ասել էր, որ ընտրություններին մասնակցելուց առաջ պետք է հաշվարկեն ռեսուրսները: Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք հոկտեմբերի 18-ին ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում ռեսուրսների հաշվարկման շուրջ քննարկումներ եղել են եւ ի՞նչ եզրահանգման են եկել, Բաղդասարյանը նշեց. «Պետք է գնահատենք ռեսուրսը եւ վարկանիշը: Դրա համար մենք չենք շտապում հայտարարություն անել, մենք ժամանակ ունենք, դրա մասին հայտարարություն կանենք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վաղ է համարում նաեւ նախընտրական ցուցակի եւ այն գլխավորողի մասին այս ընթացքում խոսելը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կարծում է, որ ՀՀԿ-ն պարտադիր պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի 7-րդ գումարման Ազգային ժողովում իրական ընդդիմադիր խմբակցություն լինի: «Կուսակցությունը որեւէ որոշում չունի, բայց իմ եւ իմ գործընկերներից շատերի կարծիքը պարզ է բոլորին՝ մենք պետք է մասնակցենք ընտրություններին: Նիկոլ Փաշինյանի կառավարությանը միակ ընդդիմությունը կարող է լինել Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ում մասնակցության մասով տարբեր կարծիքներ կան, կքննարկենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը եւս նշեց, որ թեկնածուների մասով հստակեցումներ դեռ չկան: Այն տեղեկությունները, թե ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, իսկ ցուցակում լինելու են Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արեմն Աշոտյանը եւ Շարմազանովը, ՀՀԿ խոսնակը համարեց ապատեղեկատվություն: «Նման ցուցակ չկա, այդ հինգ հոգու անունը, որ գրել են՝ սուտ է: Նման քննարկում չի եղել, ՀՀԿ-ն ձեռքի հետ, ոտքի վրա ցուցակ չի գրում: Ցուցակը քննարկելու ենք ԳՄ-ի, խորհրդի, տարածքային եւ շրջանային անդամների հետ: Ինչպիսի ֆորմատով կգնանք, կգնա՞նք, թե՞ չենք գնա, դեռ քննարկման փուլում են»,- ասաց նա:

Ստացվել է այնպես, որ ՀՀԿ-ն ցանկանում է լինել նոր իշխանության համար իրական ընդդիմություն, իսկ իշխանական ճամբարներից այդ քայլը ողջունում են: Մասնավորապես, ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության վարչության անդամ Ալեն Սիմենյանը մեր զրույցում ասաց, որ դրական է գնահատում ՀՀԿ-ի խորհրդարանում գտնվելու փաստը՝ ընդդիմության կարգավիճակով:

«Շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին։ Եվ ես քիչ առաջ ծանոթացա մամուլում հրապարակված առաջին հնգյակին։ Շատ դրական եմ գնահատում այդ քաղաքական գործիչների մասնակցությունը երկրի հետագա պետական կառավարմանը՝ ընդդիմության կարգավիճակով։ Չնայած վստահ չեմ, որ իրենք կհայտնվեն Ազգային ժողովում»,- ասաց պատգամավորը:

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ Ազգային ժողովում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ իրենց ցուցակում տեղ գտնեն անձինք, որոնք «բարիկադների այն կողմում են եղել», դրական պատասխան տվեց: Ի դեպ, «բարիկադների» ապամոնտաժումը սկսվեց Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելով: Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չկա՞, որ «բարիկադներից այն կողմ» գտնվողները, եթե տեղ գտնեն իրենց համամասնական ցուցակում, ապա հասարակության կողմից հերթական դժգոհության ալիքը կբարձրանա:

«Չեմ կարծում, որ դժգոհություն կլինի, քանի որ մենք մշտապես ասել ենք՝ այն անձիք, ովքեր ներգրավված չեն եղել կոռուպցիոն սկանդալների մեջ, օրենք չեն խախտել, կարող են ծառայել մեր պետության շահերին»,- ասաց նա եւ եւս մեկ անգամ նշեց՝ օրենքի առջեւ բոլորը պատասխան են տալու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են դեկտեմբերի 9-ին: ՔՊ-ն, ԵԼՔ դաշինքի մյուս կուսակցությունները, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ինչպես նաեւ մի քանի խորհրդարանական ուժեր հաստատել են արտահերթ ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: