Հայտնի հաղորդավար Գոռ Գրիգորյանի դուստրը՝ Անուշը, հուզառատ գրառում է կատարել՝ զետեղելով հայրիկի հետ լուսանկար։

«Երեք տարեկան էի, բայց այդ օրը աչքերիս առաջ է… Պապաս մազերս պոչիկ էր կապում, երբ հանկարծ հազացի: Նա ասաց. «Թուրքը հազա՛»։ Այդ պահին զարմացա. ո՞վ էր այդ «թուրք» կոչվածը կամ ի՞նչ էր արել, որ աշխարհի ամենաբարի պապան ուզում էր նրան հիվանդ տեսնել:

Քանի որ աշխարհի ամենաբարի պապայի ամենահետաքրքրասեր աղջիկն էի, հարցրի նրան՝ ով է թուրքը: Մանկապարտեզ գնալու ճանապարհին նա պատմեց ինձ թուրքի մասին այնքան, որքան հասու էր իմ մանկական ուղեղին:

Շնորհակալ եմ քեզ, որ քո շնորհիվ իմացա թուրքի ով լինելը, անսահման սիրով սիրեցի իմ հայրենիքը, սովորեցի ու իմացա իմ երկրի պատմությունը… Փոքր ժամանակ դժգոհում էի, երբ ասում էիր` պատմությունդ լավ չես սովորել, գնա էլի կարդա:

Կարդում, գալիս էի, ասում էիր` չէ, լավ չի, գնա էլի կարդա: Կամ չէի հասկանում, երբ ընտանիքով քաղաքից դուրս էինք գնում, ասում էիր` պատուհանից նայեք, տեսեք` ինչ սիրուն տեսարաններ են: Չէի հասկանում՝ ինչու էիր ամեն անգամ Արարատ լեռան կողքով անցնելիս ասում` երեխեք, բարևե՛ք Արարատին:

Հիմա հասկանում եմ, պապ ջան, ամեն ինչ հասկանում եմ… Գնաց պապաս … Դու կգաս ու մեր համբույրները կզգաս, պապ ջան»,- գրել է նա։