«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել․

Յուրաքանչյուր տղա երեխա ունեցող մոր մոտ հիմա սեփական երեխային պաշտպանելու մայրական բնազդ է արթնացել: Ինչպե՞ս անել, որ մեր երկրում խաղաղություն լինի: Որ 18 տարեկան բոլորած տղայիդ չվերցնեն չտանեն դարձնեն «հայրենիքի համար զոհված հերոս»: Յուրաքանչյուր որդեկորույս մայր մի բան է մտածում` ինչպե՞ս կարող էր կանխել այս ողբերգությունը:
Նախկինների կոռուպցիայի, ներկաների, մեղմ ասած, սխալների պատճառով մոտ 5,000 զո՞հ, երբ վստահ կարելի էր կանխել… վստահ կարելի էր խուսափել…. Ոչ մի ռազմագետ, քաղաքագետ չկանգնեցրեց, չահազանգեց, չասեց` չի ստացվելու պահել, կանգնեցրեք այս սպանդը… Հիմա էլ ասում են եկեք 10 տարի զինվենք գնանք հետ վերցնենք…

Մենք երեխա չունենք, որ տանեք զոհեք 10-20 տարին մեկ՝ տալով և վերցնելով: Իրենք մարդ են, հասկանում ե՞ք, սիրո, հոգատարության և ծնողական պաշտպանության կարիք ունեցող: Քաղաքագետները դրա համար են աշխատավարձ ստանում, որ թշնամու հետ լեզու գտնեն, խնդիրներին լուծումներ տան և ո՛չ թե ուրիշի երեխայի կյանքի հաշվին հիստերիկ և կտրուկ քայլերի գնան:

Գտե՛ք այն ղեկավարին, ով մեզ կհանի այս մղձավանջից և կօգնի վերջապես ստեղծել հզոր և խաղաղ հայրենիք: Մենք ուզում ենք ապրել և արարել մեր հայրենի հողում…..