Անվիճելի է, որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներ, որոնք անպայմանորեն տեղ են գտնելու պատմության էջերին, իսկ թե ինչ ընթացք ու ավարտ կունենա այս ամենը, մեծապես կախված է մեր ազգային միասնականությունից ու հավաքականությունից:

Այս առումով կարևորվում են ազգային ոգին բարձրացնող գործերի հնչեցումը,իսկ հայկական մշակույթի մեջ այդօրինակ երգերի պակաս ուղղակի չկա: Շատերն են մշակույթի խորքերից հանում ու վերակենդանացնում այնպիսի գործեր, որոնք նորից արդի են դարձել:

Այդպիսի մի գործ է ներկայացրել Նունե Եսայանը: Նա իր սոցհարթակում հանրայնացրել է «Զարթնիր, լաո» հանրահայտ երգի իր կատարումը: Նա երգը կատարել է տարիներ առաջ համերգներից մեկի ժամանակ:
Հանրայնացնելով այս երգը՝ Նունե Եսայանը նաև միավորվելու կոչ է արել՝ գրելով. «Զարթնիր, լաո,մեր հայրենիքը քո կարիքն ունի»:

Այս օրերին հետևյալ պատգամը հնչում է ամենուր և դեպի Արցախ է կանչում շատ հայորդիների, ովքեր ամեն կերպ փորձում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարևոր հարցի լուծման գործում: