Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» շքանշանի ասպետ Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է.

Նա ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ՝ Վլադիկավկազ), դերասանի ընտանիքում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963-1964 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-1966 թվականներին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1966 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոնում:

«Նիկոլո Պագանինի» ֆիլմում ստանձնած գլխավոր դերակատարման համար իտալական մամուլի կողմից ճանաչվել է «Բոլոր ժամանակների լավագույն Պագանինի»:

Բայց նրա վերջին հանգրվանը և հոգու տաճարը, ինչպես սիրում էր արտահայտվել Մսրյանը, պիտի դառնար Հրաչյա Ղափլանյանի հիմնած Երևանի դրամատիկական թատրոնը, որին հավատարմորեն ծառայեց մինչև կյանքի վերջին օրերը` սկսած 1970 թվականից: Կյանքը դերասանին հնարավորություն ընձեռեց խաղալ ոչ միայն բեմում, այլև էկրանին, թեև թատրոնը միշտ էլ մնաց առաջին, անդավաճան սերը: «Խոստովանում եմ` ինձ համար ավելի հեշտ ու ազատ է խաղալ թատրոնում»,-ասել է դերասանը:

Մսրյանը նկարահանվել է ընդհանուր առմամբ 19 ֆիլմում, որոնցից են «Ձայն բարբառո…»-ն, «Հին աստվածներ»-ը, «Լռության սիմֆոնիա»-ն և այլն: Վլադիմիր Մսրյան դերասանին հանդիսատեսն ավելի լավ ճանաչում է թատերական բեմերից, մասնավորապես՝ դրամատիկական թատրոնի: Մսրյանը Դրամատիկականի բեմում մարմնավորել է Հերոստրատ, Համլետ, Հուլիոս Կեսար և այլ կերպարներ։
Մահացել է 2010 թվականի օգոստոսի 24-ին։